Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am
Ինստիտուտի մասին

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ հիմնադրվել է 1935 թ.-ին

Մասնագիտացում. Ալպ-Հիմալայան գոտու կենտրոնական սեգմենտի երկրաբանություն

Տնօրեն՝  Արկադի Ս. Կարախանյան
Հեռախոս. (+374) 10 52-44-26
Էլեկտրոնային փոստ. igs @ sci.am
URL՝ www.geology.am
Հասցե. Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0019,
Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա

Գործունեության հիմնական ոլորտներ


Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները. ընդհանուր և տարածաշրջանային երկրաբանություն, երկրադինամիկա, սեյսմոտեկտոնիկա, հրաբխագիտություն, սեյսմիկ և հրաբխային վտանգի գնահատում, արտածին վտանգավոր երկրաբանական երևույթների գնահատում, ֆաներոզոյան կենսաժամանակա¬շերտագրություն և հնէաբանություն, նստվածքային և հրաբխանստվածքային կազմավորումների լիթոգենեզ, մագմայական և մետամորֆային կազմավորումների երկրաբանություն և պետրոլոգիա, օֆիոլիտների երկրաբանություն, օգտակար հանածոների հանքավայրերի (պղինձ-մոլիբդենային, ոսկու, ոսկի-բազմամետաղային, պղինձ-կոլչեդանային) երկրաբանություն և երկրաքիմիա, մետաղագոյացում, իզոտոպային երկրաբանություն, օգտակար հանածոների հանքավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդներ, ոչ մետաղային օգտակար հանածոների երկրաբանություն և կազմություն (պեռլիտներ, ցեոլիտներ, կավեր, դիատոմիտներ, բենթոնիտային կավեր), ինժեներական երկրաբանություն և ջրաերկրաբանություն, ջրաերկրաքիմիա, ուսումնասիրությունների դիստանցիոն մեթոդներ, երկրաբանական ինֆորմատիկա, երկրաբանական միջավայրի արդյունավետ օգտագործում և պաշտպանություն:
Անցած տարիների ընթացքում կատարվել են ֆունդամենտալ հետազոտություններ երկրաբանության և աշխարհագրության տարբեր ոլորտներում, որոնց արդյունք են հանդիսացել մի քանի տասնյակ մենագրություններ և բազմաթիվ գիտական հրատարակումներ:

Հիմնական արդյունքներ

Կենսաշերտագրություն

Տարբեր խմբերի ֆաունայի մոնոգրաֆիկ նկարագրության հիման վրա մշակվել է Հայաստանի ֆաներոզոյան (D-Q) ժամանակաշրջանի նստվածքների կենսաժամանակա¬շերտագրական սխեման: Միջերկրական գոտու սահմաններում որպես ստրատոտիպ է ընդունվել էոցենի և օլիգոցենի միջև եղած անընդմեջ կտրվածքը:

Տարածաշրջանային երկրաբանություն, տեկտոնիկա, սեյսմատեկտոնիկա

Բացահայտվել են տարածաշրջանի երկրաբանա-տեկտոնական զարգացման հիմնական օրինաչափությունները, մշակվել են Կովկասի, Փոքր Կովկասի և Հայաստանի տեկտոնական գոտավորման սխեմաները, կազմվել են Հայաստանի տարբեր մասշտաբի երկրաբանական և տեկտոնական քարտեզներ, Կովկասի, Միջին և Մերձավոր Արևելքի կոսմոտեկտոնական քարտեզ (Մոսկվայի Պետական համալսարանի հետ համագործակցությամբ), Ինստիտուտի գիտնականները մասնակցել են Եվրասիայի միջազգային տեկտոնական քարտեզի և ԽՍՀՄ տարածքի նորագույն կազմավորումների քարտեզի կազմման աշխատանքներին:
Տեսական գեոդինամիկայի և տեկտոնիկայի բնագավառում ակադեմիկոս Ա. Տ. Ասլանյանը մշակել է Երկրի բևեռների չանդլեռյան տատանումների քանակական տեսությունը, Երկրի մագնիսական դաշտի ծագման կոնտրակցիոն-նուտացիոն վարկածը, Երկրի նյութական բաղադրության և ներքին կառուցվածքի քանակական մոդելը, ստացվել են Երկրի շառավղի նվազման քանակապես հիմնավորված վկայություններ:
Կատարվել է Հայակական լեռնաշխարհի սեյսմիկ վտանգի գնահատում, առաջարկվել է նորագույն փուլի գեոդինամիկական մոդելը, կազմվել է ակտիվ տեկտոնիկայի քարտեզ:

Լիթոլոգիա

Բացահայտվել են տարբեր տիպերի նստվածքային և հրաբխանստվածքային լիթոգենեզի առանձնահատկությունները և օրինաչափությունները: Մշակվել են կավառաջացման մոդելներ տարբեր գեոդինամիկ պայմանների համար, գնահատվել են ՀՀ տարածքում բենթոնիտների, ցեոլիտոլիտների, դիատոմիտների, սիլիցիտների, կարբոնատային առաջացումների հայտնաբերման հեռանկարները: Կազմվել է “Հայկական ԽՍՀ լիթոլոգիական քարտեզը”:

Մագմատիզմ և մետամորֆիզմ

Մշակվել են մագմայական և մետամորֆային կազմավորումների դասակարգման սխեմաներ ըստ տարիքի, ձևավորման և գեոքիմիական առանձնահատկությունների: Մշակվել են տարբեր գեոդինամիկական պայմանները բնորոշող մագմատիկ կոմպլեքսների առաջացման պետրոլոգիական մոդելները, ի հայտ են բերվել նրանց էվոլյուցիայի առանձնահատկությունները:
Իզոտոպային հասակային որոշումների հիման վրա առանձնացվել են բայկալյան և հերցինյան կոնսոլիդացիայի բյուրեղային հիմքի ելքեր, որոշվել են մետամորֆային տարբեր ֆացիաների ապարների սկզբնական բաղադրությունները, առաջացման գեոդինամիկական պայմանները:
Կազմվել են “Հայկական ԽՍՀ մագմայական և մետամորֆային կազմավորումների քարտեզը” և “Հայաստանի բյուրեղային հիմքի քարտեզը”:

Հրաբխականություն

Յուրա-կավճի և պալեոգեն-նեոգենի տարիքային կտրվածքների համար կազմվել են Փոքր Կովկասի պալեոհրաբխային քարտեզներ և կատարվել են պալեոհրաբխային վերակառուցումներ: Քարտեզագրվել են մոտ 600 նորագույն (ուշ պլիոցեն-չորրորդական ժամանակաշրջանի) հրաբուխներ, որոնք համակարգվել են կատալոգում ըստ ժայթքման տեսակի, բաղադրության և կառուցվածքի:
Բացահայտվել են տարածքային հրաբխային արտահայտումների կառուցվածքա-գեոդինամիկական պայմանները, ի հայտ են բերվել իգնիմբրիտային և արեալ հրաբխականության օրինաչափություններն ու գենետիկական առանձնահատկու¬թյունները: Կազմվել են “Մեզոզոյի և կայնոզոյի հրաբխային կազմավորումների քարտեզները”:

Հանքառաջացում և մետաղագոյացում

Ակադեմիկոս Ի. Գ. Մաղաքյանի և նրա դպրոցի կողմից մշակվել է Փոքր Կովկասի տարածքի կառուցվածքա-մետաղագոյացման շրջանացման սխեման, կատարվել է մետաղական հանքավայրերի (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, ցինկ և ուր.) ֆորմացիոն դասակարգումը, ի հայտ են բերվել նրանց տեղաբաշխման և առաջացման օրինաչափությունները, բացահայտվել են հազվագյուտ տարրերի բաշխման առանձնահատկությունները տարբեր հանքավայրերում և միներալային ասոցիացիաներում:
Առանձնացվել է ոսկու հանքայնացման տեղանայցման նոր տեսակ:
Կազմվել են “Աշխարհի մետաղագոյացման քարտեզը”, Փոքր Կովկասի և Հայաստանի տարածքի մետաղագոյացման և կանխատեսական տարբեր մասշտաբների քարտեզներ, Հայաստանի հիմնական հանքադաշտերի և հանքավայրերի՝ խոշոր մասշտաբի երկրաբանական, երկրաբանակառուցվածքային և մետաղագոյացման կանախատեսական քարտեզները:
Մշակվել է տարբեր գենետիկական տիպերի հանքավայրերի որոնման գեոքիմիական մեթոդ, որը առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում “թաքնված” հանքավայրերի հայտնաբերման համար: Այդ նպատակներով մշակված է նաև էլեկտրահետախուզական հետազոտությունների ունիվերսալ մեթոդիկա, որը կարող է կիրառվել նաև ինժեներաերկրաբանական և բնապահպանական աշխատանքների ընթացքում:

Իզոտոպային երկրաբանություն

Մշակվել է Հայաստանի մագմայական, մետամորֆային և հանքային առաջացումների տարիքային տարանջատման իզոտոպային (K-Ar, Rb-Sr) սխեման: Իզոտոպային տվյալների (d18O, d13C, D) հիման վրա մշակվել են Հայաստանի պղինձ-մոլիբդեն-պորֆիրային հանքավայրերի առաջացման մոդելները, առաջին անգամ ապացուցվել է ծովային ջրի մասնակցությունը կղզաղեղային պղնձ-մոլիբդենային հանքավայրերի առաջացման ընթացքում:

Հիդրոերկրաբանություն և ինժեներական երկրաբանություն

Մշակվել է Հայաստանի հանքային ջրերի հանքավայրերի դասակարգման սխեման ըստ նրանց քիմիական կազմի, առանձնացվել է կարբոնատային բորակիր՝ հազվագյուտ ալկալի մետաղներ պարունակող ջրերի Փոքր Կովկասյան մարզը և մշակվել է հանքավայրերի որոնման գրունտահիդրոքիմիական մեթոդը:
Կազմվել է մեթոդիկա լեռնային տարածքների ինժեներաերկրաբանական դասակարգման համար, կազմվել է “Հայաստանի հանքային ջրերի քարտեզը”, Հայաստանի առանձին տարածաշրջանների և քաղաքների համար կազմվել են տարբեր մասշտաբների ինժեներաերկրաբանական և ինժեներաերկրաբանական գոտավորման քարտեզներ:
Ստեղծվել է լայն կիրառման ոլորտ ունեցող պոլիմերահանքային նոր կոմպոզիտ (գրունտների ամրացում, ջրի գոլորշիացման նվազեցում, բերքատվության բարձրացում և այլն):

Միջազգային գործունեություն

Ինստիտուտը համագործակցում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տարբեր ինստիտուտների հետ, Ֆրանսիայի Մոնպելյե-II համալսարանի, Հունաստանի Աթենքի համալսարանի, Իտալիայի ԱՆՊԱ-ի, Իրանի IISE-ի, Վրաստանի գիտությունների ակադեմիայի և մի շարք այլ հաստատությունների հետ: