Կապ
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0019, Մարշալ Բաղրամյան պողոտա, 24ա
Հեռ.՝ +374 10 52 44 26
Ֆաքս՝ +374 10 52 23 44
էլ-փոստ՝  igs @ sci.am


ԵԳԻ Թանգարան/Օգտակար հանածոների բաժին
Հնէաբանության բաժին Հրաբխականության բաժին
Հանքաբանության բաժին Օգտակար հանածոների բաժին
Ապարաբանության բաժին Հանքային ջրերի բաժին
Օգտակար հանածոների բաժին

Դեռ վաղնջական ժամանակներից Հայաստանում շահագործվել են պղնձի, կապարի, արծաթի և ոսկու հանքեր, իսկ Ք.ա. II հազարամյակի վերջերից՝ նաև երկաթահանքեր։

Թանգարանում օգտակար հանածոների բաժինը ձևավորվել է 1937թ. XVII միջազգային երկրաբանական կոնգրեսի նախաշեմին՝ երկրաբանական ինստիտուտում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում: Նմուշների քանակը՝ 3579։

1945թ.-ից երկրաբանական ինստիտուտի աշխատակիցների շնորհիվ թանգարանի բաժինները հետզհետե համալրվում են նոր ցուցանմուշներով: Նշանակալից են ակադեմիկոսներ Հ․Գ․ Մաղաքյանի և Կ․Ն․Պաֆֆենհոլցի կողմից թանգարանին թողած նմուշները:

Թանգարանում  ներկայացված են մետաղային  և ոչ մետաղային օգտակար հանածոներ ինչպես  ՀՀ-ից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Այժմ կազմակերպվում  են ժամանակավոր ցուցադրություններ նվիրատվությունների հիման վրա, ինչպես օրինակ՝ 1952թ. Գերմանիայի Ֆրայբերգ  քաղաքի Տեխնիկական համալսարանի Լեռնային ակադեմիայի միներալոգիական թանգարանի դոկտոր Ֆրիդրիխ Օտտոյի կողմից ուղարկված նմուշների ցուցադրությունը: Ընդհանուր առմամբ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ  երկրաբանական թանգարանի պահպանությանն են հանձնված  լեռնային ապարների 145 նմուշ՝  24  երկրից՝ Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Իտալիայի, Շվեյցարիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Նորվեգիա, Ռումինիա, Հունաստան, Սերբիա, Հարավամերիկյան Բոլիվիա, ԱՄՆ, Կանադա, Չիլի,  Բրազիլիա, Հարավաֆրիկյան Նամիբիա, Ռուսաստան, Գրենլանդիա, Հունաստան և այլն։

Հայաստանում ներկայումս հաշվառված են  օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44  ստորերկրյա քաղցրահամ և 24  հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական):

Օգտակար հանածոների բոլոր հիմնական խմբերը` գունավոր, սև, ազնիվ մետաղները  (ավելի քան 130 տեսակներ) ցուցադրված են թանգարանում։

Հանրապետության տարածքում հայտնաբերված գունավոր մետաղներից գործնական նշանակության տեսակետից առաջին տեղը պատկանում է պղնձին, հարավային հատվածում պաշարների զգալի նշանակությամբ հայտնի են Քաջարանի, Կապանի,  Ագարակի հանքավայրերը:

Արդյունաբերական նշանակություն ունեցող պղնձի պաշարներով հաջորդ տեղը պատկանում է Հայաստանի հյուսիսային հատվածին: Այստեղ հատկապես նշանավոր են Ալավերդու և Շամլուղի հանքավայրերը:

ՀՀ տարածքում հայտնաբերված գունավոր մետաղների շարքում գործնական նշանակության տեսակետից շատ կարևոր է մոլիբդենի դերը:

Հատկանշական է այն, որ մոլիբդենի համաշխարհային պաշարների մոտ 4 %-ը գտնվում է միայն Սյունիքի մարզում: Հայտնի են Քաջարանի, Թեղուտի ու Ագարակի հանքավայրերը:

Հանրապետությունում արդյունաբերական նշանակություն ուեն նաև ոսկի բազմամետաղային հանքավայրերը:  Արդյունաբերական նշանակություն ունեն Ախթալայի, Շահումյանի, Արմանիսի հանքավայրերը:

Ոսկու հանքավայրերը գտնվում են Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու մարզերում: Ամենահայտնին Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հանքավայրն է: Շահագործվում են նաև Մեղրաձորի, Լիճքվազ-թեյի և Տերտերասարի հանքավայրերը:

Թանգարանում առանձին տեղ են զբաղեցնում նաև ոչ մետաղային օգտակար հանածոները, որոնց բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հատուկ  արժեք  ու նշանակություն ունեն  հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, օբսիդիանները և այլն:
Բազալտի, գրանիտի, նեֆելինային սիենիտի, մարմարի տեսականիից թանգարանում ցուցադրված են Վայոց Ձորի մարզի Սալի և Արտենի գյուղերից տրավերտինի, ԼՂՀ Մարտունու շրջանի Զարդանաշենի հնքվ-ից կավճի հասակի կոնգլոմերատների,  Վարդաձորի, Արևսարի, Սարենթագի մարմարների նմուշներ:

Հայաստանում  հայտնի են հարյուրավոր տուֆերի, բազալտների, անդեզիտների հանքավայրեր: Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը:                                                     

Այրվող օգտակար հանածոների ենթաբաժնում ցուցադրված են Ջաջուռի ածխի հանքավայրի բույսերի հետքերով այրվող թերթաքարի, Վարդենիսի տորֆի, Կոտայքի մարզի Շորջրի միոցենի հասակի այրվող թերթաքարի,  անտրացիտի,  Գառնիի Շորաղբյուրի N1 հորատանցքի 3473-3589մ խորությունից 1լիտր և Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքից  2000թ. վերցված 10գրամ նավթի նմուշներ: